Իսկ ժամանակը գնում է ձգելով իր հետևից միջոցառումների մի անվերջ շարք …..
ՀՊՏՀ ԳՄ գիտական բաժնի նախաձեռնությամբ մասնաճյուղում դեկտեմբերի 13-15-ը տեղի ունեցավ Հանրապետական գիտաժողով, որը , չասենք լիովին, բայց մեծ մասամբ արդարացրեց և´ դասախոսական անձնակազմի , և´ պահանջկոտ ուսանողների սպասելիքները:
Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակներին ու կրում էր «Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները և Հայաստանի մարտահրավերները» բավականին արդիական խորագիրը: Ինչպես արդեն նշվեց, գիտաժողովը տևեց երեք օր: Յուրաքանչյուր օրվա համար սահմանված էր օրակարգ : Ծրագիրը բաղկացած էր երեք բաժանմունքներից, որոնք վերաբերում էին գիտության տարբեր բնագավառներին`
- Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները, հնարավորությունները և մարտահրավերները,
- ՀՀ տնտեսության զարգացման առանձնահատկություները գլոբալ փոփոխություների պայմաններում,
- Բնագիտահումանիտար հիմնախնդիրներ:
Առաջին օրը մեր համալսարանում հյուրընկալվեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆ. Կ. Աթոյանը , և ուսանողները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց մտահոգություններով և կրթական ծրագրի բարելավման առաջարկներ անել, անմասն չմնացին նաև դասախոսները : Իսկ արդեն երկրորդ օրը պատիվ ունեցանք հյուրընկալելու ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Գիտաժողովի ժամանակ ներկայացված հոդվածները բազմազան էին և բազմաբնույթ: Հոդվածների մեջ հատկապես հետաքրքրության արժանացավ ՀՊՏՀ ԳՄ դասախոս Կարեն Պետրոսյանի զեկույցը, որը բացահայտում էր «Ծննդոց» գրքի տնտեսագիտական դրույթները: Զեկույցների ժամանակ ներկա էին ինչպես մեր բուհի դասախոսները, այնպես էլ ՀՊՏՀ, ԵՊՀ, ԳՊՄԻ, ՀՊՃՀ ԳՄ, ԵԿՏԱ ԳՄ դասախոսներ , նաև hյուրեր ունեինք ՀՀ Կենտրոնական Բանկից և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայից , ինչը ավելի մեծ պատասխանատվություն էր պահանջում:
ՀՊՏՀ ԳՄ դասախոս Արտակ Հովհաննիսյանը, ով հանդիսանում էր նաև կազմակերպիչ , ամփոփելով ընթացքը գնահատեց այն բավարար և նշեց , որ կարդացվել էին զեկույցների 70-80 տոկոսը:
Իսկ դեկտեմբերի 22-ին նախատեսվում է իրականացել այս անգամ ուսանողական գիտաժողով, որի մասնակիցները կլինեն միայն մեր բուհի տարբեր կուրսերի ու բաժինների ուսանողներ: Դե ինչ, մաղթենք նրանց հաջողություն ու սպասենք ոչ պակաս հետաքրքիր աշխատանքների:

















