Ադրբեջանցիների ինֆորմացիոն հարձակումը


Հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը երևի ձեզանից շատերը մուտք գործեցին հայտնի facebook սոցիալական կայքը` տոնական տրամադրությունը համապատասխան կարգավիճակով /ստատուսով/ կիսելու համար: Սակայն այնտեղ մեզ բոլորիս սպասվում էր տհաճ անակնկալ:

Ադրբեջանցիները թուրքերի օգնությամբ  հայտնի սոցիալական կայքում դիվերսիա էին կազմակերպել` օգտագործելով «Թարգմանություններ» ծրագիրը: Կայքի հայերեն տարբերակի տարբեր էջերում տեղ էին գտել բազմաթիվ հակահայկական արտահայտություններ: Քանի որ կայքի հայերենը դեռ բետա տարբերակով է, յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել թարգմանության իր տարբերակը, և կայքում հայտնվող տարբերակը որոշվում է քվեարկությամբ: Ադրբեջանցիները և թուրքերը կարողացել էին իրենց առաջարկած տարբերակների օգտին ավելի շատ քվեարկել, քան մինչ այդ ճիշտ տարբերակի օգտին քվեարկել էին հայերը: Արդյունքում կայքը ողողվել էր հակահայկական կոչերով:

Փաստորեն սա ադրբեջանցիների հերթական հարձակումն էր, այս անգամ ինֆորմացիոն, սակայն ցավալին այն է, որ եթե մենք կարող ենք ասել որ ունենք հզոր բանակ, ապա այս ոլորտում մենք ոչնչով չենք կարող պատասխանել հակառակորդին, նույնիսկ պաշտպանվելը դժվարությամբ է ստացվում: Ճիշտ է, մի խումբ հայեր բողոք են ներկայացրել ֆեյսբուքի ադմինիստրացիա վիճակը շտկելու համար, սակայն դա ընդամենը ժամանակավոր լուծում կլինի: