Սուրբ Սարգիսն իր ողջ պատմությամբ…


Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ աշուղը սիրում է մեծահարուստի աղջկա: Վերջինս ևս սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ սիրահարված երիտասարդը իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում` եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ցանկությամբ: Յոթ տարի շարունակ աշխատելով աշուղը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքներով և խոչընդոտներով: Թվում էր` աշուղը չի հասնի իր սիրած էակին: Նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս.Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս.Սարգիսը լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է և մեկ ակնթարթում աշուղին հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղի անկոտրուն կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ս.Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի14-18-ը ներառյալ:
Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանան երիտասարդի երազանքները:
Ամեն տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաջավորաց պահքից հետո ոգեկոչում է Քրիստոսի անպարտելի նահատակ Սբ. Սարգիս զորավարի հիշատակը: Ըստ վարքագրական աղբյուրների՝ Սբ. Սարգիսը Կապադովկյան Կեսարիա քաղաքից էր, ժամանակակիցը Մեծն Կոստանդիանոսի և հայոց Տրդատ թագավորի:
Սբ. Սագիսը, զարդարված լինելով Սբ. Հոգու յոթնարփյան շնորհներով, իր աղոթասիրության, խոնարհության և արիության շնորհիվ պատերազմների ժամանակ միշտ հաղթանակ էր տանում: Բարեպաշտ զորավարը օգնում էր բոլոր կարիքավորներին, որի համար նրան անվանել են «երագահաս»՝ բոլորին արագ օգնության հասնող: Նրա բարի համբավն այնքան էր տարածվել, որ Կոստանդիանոս կայսրը, ի վարձատրումն վերջինիս հայրենի երկրին բերած ծառայությունների, արժանացնում է ստրատեգի աստիճանի:
361թ. հռոմեական կայսր է դառնում Հուլիանոս Ուրացողը, ով սկսում է հալածել քրիստոնյաներին: Սբ. Սարգիսն աստվածային նախախնամությամբ իր միամորիկ որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան և ճոխ ընդունելություն գտնում հայոց Տիրան արքայից, ապա անցնում է հարևան Պարսկաստան՝ Շապուհ արքայի մոտ: Այստեղ էլ սրբին Աստված բազում հաղթանակներ է պարգևում: Շատերը նրա խոսքերին ունկնդիր դարձի են գալիս և մկրտվում: Այդ ժամանակ ոմանք չարի դրդմամբ չարախոսում են Շապուհ արքայի առաջ սրբի մասին՝ ասելով, թե նա ապստամբել է արքայի դեմ՝ քարոզելով Աստծո խոսքը: Հայր և որդի գնում են արքունիք՝ Շապուհին ներկայանալու: Վերջինս կուռքերի տոնին մի տոնախմբություն է կազմակերպում՝ կարգադրելով, որ Սբ. Սարգիսն ու իր որդի Մարտիրոսը զոհ մատուցեն չաստվածներին ու խունկ ծխեն նրանց առաջ, սակայն Սբ. Սարգիսն ու իր որդին հավատարիմ են մնում իրենց Աստծուն: Բազում տանջանքներից հետո նրանք և 14 զինվորներ նահատակվում են 363 թ. հունվարի 31-ին: Ըստ ավանդության՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցը հետագայում սրբի մարմինը տեղափոխում է Հայաստան՝ Աշտարակի շրջանի Կարբի գյուղը, ուր և եկեղեցի է կառուցում նրա անունով:
Երանելի Սբ. Սարգիս զորավարը ժողովրդի ամենասիրված սրբերից է։ Նրա անվան հետ են կապվում բազմաթիվ հրաշքներ ու ժողովրդական սովորություններ:

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

Գերագույն պատվի արժանացար`
Բարեխոսելու Բանն Աստծուն,
Աղոթքի ընդունող,
Խնդրանքների կատարող,
Արագահաս Սուրբ Սարգիս
Բարեխոս մեր անձերի համար ի Քրիստոս:
Նրան` Բարձրյալին, վայել է փառք, իշխանություն և պատիվ,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն:

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

Սրբերի պսակադրող Քրիստոս,
Դու, որ լուսեպսակ ես շնորհում
Քո Սրբերին` կատարում`
Քո երկյուղածների խնդրանքները
սիրով ու քաղցրությամբ նայում`
Քո արարածներին լսիր մեզ երկնից`
Քո սրբությունից` Ս. Աստվածածնի
Բարեխոսությամբ, աղոթքներով բոլոր
Սրբերի և Ս. Սարգիս Զորավարի:
Լսիր մեզ, Տեր, և ողորմիր, ներիր,
քավիր և թողություն տուր մեր մեղքերին:
Արժանացրու գոհությամբ փառավորել Քեզ,
Հոր և Սուրբ Հոգու հետ միասին`
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն:

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ.
Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս`
Պսակված Տիրոջ հաղթող խաչով,
Մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ,
Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ,
Այժմ և միշտ
Հավիտյանս հավիտենից.
Ամեն:

Սուրբ Սարգսին նվիրված աղոթք
(Ժողովրդական տարբերակ)

Կես գիշերին դուրս եկա,
Զարմանալի լույս տեսա,
Լույսը շալկին գնում էր,
Ոտքն ընկա՝ հարցրեցի.
— Ո՞վ ես Դու:
— Սուրբ Սարգիսն եմ, — ասավ՝ ես,
Ալբետոնե քաղաք կերթամ,
Որդուս անունն է Մարտիրոս,
Բուրվառս է լուսեղեն,
Գավազանս՝ ոսկեղեն,
Ով որ ինձ աղոթքով կանչի,
Նրա աղոթքը կլսեմ,
Մեր Տեր Աստծու առջև
Արագահաս բարեխոս կլինեմ:
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, ամեն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s