Միշտ առաջ!


Գիտելիքը ուժ է, իսկ մեզ ուժեղ մնալ է պետք:Untitled-2

… Ու, զինված ոչ ակադեմիական գիտելիքներով, մեր ուսանողները հերթական անգամ  «կռվի դաշտ» մտան, բայց ոչ թե հաղթելու կամ պարտվելու, այլ սրելու իրենց զենքը, որ այն էլ ավելի զորեղանա 🙂
Մարտի 13-ին ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհրդի կողմից անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, երբ»  ինտելեկտուալ խաղի հերթական ներբուհական առաջնությունը: Խաղին մասնակցում էին ՀՀ 1-ին կուրսից «Էյֆորիա», ՄՏՀ 2-րդ կուրսից «Տղերք» և «Լուսինե» թիմերը , Ֆինանսներ 1-ինից՝ «Smart» , ՄՏՀ 1-ինից «Արատտա», Կոմերցիա 2-րդից <Կոմերսանտներ>, Ֆինանսներ 2-րդից «The Unit» և <Fin2> թիմերը, ՀՀ 2-րդից «Այո», Ֆինանսներ 3-րդից «Fin3» թիմը: Ուսանողական թիմերի հետ իրենց ուժերն էին եկել չափելու նաև մեր դասախոսները : Խաղը վարում էր Վոլոդյա Խաչատրյանը:

Հավասար պայքար, գրեթե համազոր ուժեր, , 2 խաղափուլ, ընտրված 24 հարցեր, խելացի միջավայր: Արդյունքում …
….իսկ արդյունքում հավասար միավորներ ունեցող 3 թիմ: Մրցանակային տեղերը վերջիններիս մեջ բաժանելու համար ռեյտինգային միավորի հաշվարկը կրկին ապացուցեց ուժերի հավասարությունը: Ֆինանսներ 2-րդ կուրսի «The Unit» թիմը զբաղերեց 1-ին տեղը, իսկ   Ֆինանսներ 2րդ կուրսի մյուս՝  «Fin2» և ՀՀ 2-րդ կուրսի «Այո» թիմերը հավասար ռեյտինգային միավորներով ընկերաբար կիսեցին 2-րդ պատվավոր հորիզոնականը:

Հ. Գ. Դե արի ու մի ասա, որ հաղթեց ընկերությունը /սա ընդունեք որպես բացահայտ ճշմարտություն, ոչ թե որպես շաբլոն դարձած խոսք/

Դե ինչ, շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին, շնորհակալ ենք կազմակերպչական աշխատանքներին այս կամ այն կերպ մասնակցածներին: Իսկ պատվոգրերի և մրցանակների հանձնումը տեղի կունենա ավելի ուշ, ավելի հանդիսավոր պայմաններում, Ուխ-ի կողմից իրականացվող այլ միջոցառումների ավարտից հետո կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Սպասեք անակնկալների 🙂

Սիրով ՝ ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական խորհուրդ

Ինտելեկտուալ արշավանքը շարունակվում է


Անի թիմըՀՊՏՀ ԳՄ ՈւԽ ինտելեկտուալ հորձանքը հասավ Գյումրու թիվ 2 դպրոց` միանալու գիտելիքի ծովին:

Իսկ այդ «գիտելիքի ծովը» «կազմակերպել էր» Խորանարդ ինտելեկտուալ ակումբը: Տարիներ շարունակ Գյումրիում ինտելեկտուալ խաղերի մեծ ակտիվությունը կանոնակարգելու համար այս տարվանից Խորանարդ ակումբը ստեղծում է երեք լիգաներ` պատանեկան /դպրոցական/, առաջին լիգա /18-30 տարիքային կազմով թիմեր/ և բարձրագույն լիգա, որում ընդգրկված են առավել բարձր տարիքային և տարիների փորձ ունեցող թիմեր: Տարվա ընթացքում այս լիգաներում տեղի են ունենալու խաղեր, և տարվա ավարտին յուրաքանչյուր լիգայում բարձր միավորներ հավաքած թիմերը տեղափոխվելու են առավել բարձր լիգաներ: Այս նորամուծությունը, իհարկե, կարևոր քայլ էր ինտելեկտուալ շարժումը աշխուժացնելու տեսակետից, և ողջունվեց մասնակիցների կողմից:

Պատանեկան և երիտասարդական լիգաների մեկնարկը տրվեց “ Ինչ , որտեղ, երբ» և “Բրեյն-ռինգ” խաղերի գարնանային մրցաշարով : Մրցում էին 12 բավականին փորձառու թիմեր , որոնցից վեցը պատանեկան թիմեր էին , վեցը ` երիտասարդական : «Ինչ, որտեղ, երբ” խաղը ընթացավ 3 խաղափուլով, և վերջնական արդյունքում ընդհանուր միավորներով ՀՊՏԳ ԳՄ “Անի” ( նախկինում` “ Ժող” ) թիմը գրավեց 2-րդ տեղը , իսկ մեր “Նեո” –ն ` 4-րդ : Մասնակիցները ստացան համապատասխան վկայագրեր , իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին նաև մեդալներով :

Այնուհետև երկու տարիքային խմբերից ամենաբարձր միավորներ վաստակած 3-ական թիմեր հնարավորություն ստացան մասնակցելու նաև “Բրեյն-ռինգ” խաղին , որի ժամանակ միավոր վաստակելու համար պետք էր առաջինը սեղմել կոճակը և ճիշտ պատասխանել: Բարեբախտաբար մեր “Անի” թիմին հաջողվեց պատվով անցնել այս փորձությունը նույնպես և գրավել առաջին հորիզոնականը :

Մրցաշարը ներառում էր ևս մեկ խաղ` Սեփական խաղը ինտելեկտուալ մրցույթի թիմային տարբերակը, որին մասնակցում էին երկու երիտասարդական և մեկ պատանեկան թիմեր: Այստեղ հաղթող ճանաչվեցին պատանիները:

Առաջին երեք պատվավոր տեղեր զբաղեցրած թիմերին նաև հնարավորություն ընձեռնվեց մասնակցել բարձրագույն լիգայի խաղին` ոչ մրցութային հաշվարկով: Այսպիսով , շնորհակալություն հայտնենք խաղերի կազմակերպիչներին և շնորհավորենք մեր երկու թիմերին էլ ունեցած ձեռքբերումների համար , ցանկանանք սուր միտք և աշխատասիրություն հետագայում նույնպես մեզ բազում հպարտանալու առիթներ պարգևելու համար :
Առաջ….

Հանրապետական կամ «մայրաքաղաքային» բանավեճ


Դեռևս Հոկտեմբեր ամսից «Քաղաքացիական ներգրավվածություն — ուսանողական բանավեճեր» ծրագրի շրջանակներում մեկնարկել էր բանավեճերի հանրապետական մրցույթը, որը կազմակերպվել էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից և համաֆինանսավորվում էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակի կողմից: Այս ամենին ինչպես միշտ մենք անմասն մնալ չէինք կարող…Սկզբից մասնակցեցինք մարզային առաջնությանը, որտեղ պարզ դարձավ, որ մեր համալսարանի երեք ուսանողներ պետք է հանդես գան Գյումրու թիմի կազմում և ներկայացնեն մեր քաղաքը վերը նշված ծրագրի հանրապետական փուլի եզրափակիչ բանավեճերին, որոնք կայանալու էին նոյեմբերի 20-21-ին Երևան քաղաքում:
Բանավիճում էինք երեք թեմաների շուրջ` «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ-ում արդյունավետ է», «Ընտանեկան բռնությունը ներընտանեկան խնդիր է ՀՀ-ում» և «Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրոմիությանը»:
Առաջին փուլում մեր միացյալ թիմը մրցում էր Կապանի թիմի հետ: Չնայած նրան, որ հակառակորդ թիմը բավականին լավ էր պատրաստված, մեզ հաջողվեց բավականին լուրջ առավելությամբ հաղթանակ տանել: Հաջորդ փուլում մենք մրցում էինք Երևանի բավականին ուժեղ և առաջին փուլում չմասնակցած թիմի հետ:Հոգնածությունն էր պատճառը, թե մեկ այլ հանգամանք, սակայն մեզ չհաջողվեց հաղթել Երևանի թիմին: Այսպիսով ավարտվեց մեր մասնակցությունը մրցութային մասին, բայց ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի…Մենք ունեինք ազատ ժամանակ և բնականաբար լավագույնս օգտագործեցինք այդ ժամանակը` շրջելով Երևանի տեսարժան վայրերով և իհարկե մեզ հետ էին մեր արդեն ավանդական դարձած խաղերը, որոնք նույնիսկ մի պահ խլացրին Երևանի համառ աղմուկը: Հոգնած, սակայն լավ տրամադրությամբ զինված մենք վերադարձանք հյուրանոց և անմիջապես հանձնեցինք մեզ հանգստին…
Առջևում եզրափակիչն էր, որտեղ մրցում էին մեզ արդեն քաջ հայտնի Երևանի և մի փոքր անհայտ Գավառի թիմերը: Ամեն ինչ վկայում էր այն մասին,որ մենք ականատես ենք լինելու դիտարժան խաղի և մեր սպասումները արդարացան…Մեկ ժամից ավելի տևած համառ պայքարից հետո Երևանի թիմը գրավեց առաջին հորիզոնականը…Մնում էր շնորհավորել հաղթողներին և ստանալ մեր խրախուսական մրցանակները:
Այս ամենից հետո մենք թողեցինք մեզ երկու օր հյուրընկալած Երևան քաղաքը և շարժվեցիքն դեպի հարազատ Գյումրի: Արդյունքում մեր տեսախցիկը ծանրացել էր բազմաթիվ լուսանկարներով, ուղեղը` բազմաթիվ գեղեցիկ, ինչու չէ նաև զավեշտալի հիշողություններով: Ուշ երեկոյան ահագին հոգնած , բայց հուսադրող տրամադրությամբ հասանք Գյումրի: Ասում են ամեն ինչ լավ է,երբ լավ է ավարտվում…

Գրիշա Հովսեփյան

Կրկնակի տոն կամ թրջված, մրսած, բայց շատ ուրախ…


Այսօր հոկտեմբերի 7-ն է՝ Գյումրու օրը, իսկ դա նշանակում էր, որ ՀՊՏՀ ԳՄ ուսխորհրդականները չէին կարող չդառնալ իրենց իսկ օրվա հերոսները: Տոնական օրը ուխականների համար սկսվեց կենտրոնական այգուց: Ուրախ ատրակցիոններ..բարձր տրամադրություն..կատակներ..կատակներ..կատակներ..Իսկ ճանապարհը տանում էր դեպի կենտրոնական հրապարակ, որտեղ տոնական համերգն արդեն սկսվել էր: Դեռ չէինք հասցրել նորմալ տեղավորվել, երբ այնպիսի անձրեւ սկսվեց (երեւի ամպերը մեզ էին սպասում) , որ բոլորիս մտքում միամգամից նույն միտքն հղացավ՝ պատսպարվել եկեղեցում: Սակայն մարդկանց հոսքն այնպիսին էր, որ մեզ դա չհաջողվեց: Դրա փոխարեն հայտնվեցինք երեխեքից մեկի տանը (շնորհակալություն շատ): Մի քիչ չորանալուց ու տաքանալուց հետք մեզ համար տոնական համերգը վերածվեց թեյախմության: Քիչ անց անձրեւն արդեն կտրվել էր, իսկ համերգը շարունակվում էր: Մենք էլ որոշեցինք նորից դուրս գալ: Դուրս եկանք, ահագին ուրախացանք, խաղացինք ԺՈՂ-ի ավանդական «ՀՈՒ, ՀԱ, ՀԻ» խաղը (չեք պատկերացնի այդ ընթացքում ներկաներից քանիսն էին համերգի փոխարեն մեզ նայում ու զարմանում :)) ), իսկ հիմա արդեն տանն ենք: Ինչեւէ,,հոկտեմբերի 7-ը՝ Գյումրու օրը, դարձավ այն խենթ ու խելառ օրերից մեկը, որ ունեցել ենք մենք՝ ՀՊՏՀ ԳՄ ուխականներս:

ՀՊՏՀ ԳՄ ինտելեկտուալ թիմը նվաճեց «Գյումրու գավաթի» ուղեգիր


Մարտի 4-ին Գյումրու թիվ 21 դպրոցում տեղի ունեցավ հերթական ինտելեկտուալ փառատոնը: Այս անգամ կազմակերպիչը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանն էր, ով վերջին շրջանում աչքի է ընկնում նմանատիպ բազմաթիվ նախաձեռնություններով: Փառատոնը ընդգրկում էր մրցաշարեր և դպրոցահասակների, և մեծահասակների համար: Մեծահասակների մրցաշարին մասնակցում էին ինչպես քաղաքում հայտնի բազմաթիվ փորձառու թիմեր, այնպես էլ նոր թիմեր, որոնք հիմնականում ներկայացնում էին Գյումրու տարբեր դպրոցները և բաղկացած էին ուսուցիչներից: Ընդհանուր առմամբ մասնակցում էին ավելի քան 20 թիմեր:

Միջոցառմանը, բնականաբար, մասնակցում էր նաև մեր համալսարանի «Ժող» թիմը: Իրենց նախկին ուսուցիչների դեմ մրցելու փաստը առավել ոգևորիչ դարձրեց խաղը մեր թիմի անդամների համար: Մեր թիմը շատ լավ սկսեց խաղը և առաջին խաղափուլի ընթացքում բավականին միավորներ կուտակեց: Մյուս երկու խաղափուլերում էլ շատ չզիջելով մրցակիցներին` «Ժողը» արդյունքում գրավեց չորրորդ տեղը: Սա հնարավորություն տվեց մասնակցելու մարտի 10-11-ին Գյումրում կայանալիք «Գյումրու գավաթին»:

«Գյումրու գավաթին» մասնակցելու են 20 թիմեր` 6-ը Երևանից, 1-ական թիմեր` Ստեփանակերտից, Բերձորից, Նոյեմբերյանից և Գորիսից, ինչպես նաև 10 թիմեր Գյումրիից: Փառատոնը ընդգրկում է «Ինչ, որտեղ, երբ», «Բրեյն ռինգ» և «Своя игра» խաղերի մրցաշարեր: Փառատոնը անցկացվելու է Արման Սահակյանի հովանավորությամբ:

Հուսանք մեր թիմը հաջող ելույթներ կունենա գալիք մրցաշարում: Սա լավ սկիզբ էր այս տարում, և ցանկանանք, որ հաջողությունը չլքի մեր թիմին, քանի որ գարնան ընթացքում դեռ բազում մրցաշարեր են սպասվում:

Երիտասարդության համաշխարհային օրը Գյումրիում


Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է, ինչի առիթով շնորհավորում ենք երիտասարդներին և ամենամեծ շնորհավորանքներն ենք ուղղում հոգով երիտասարդներին, քանզի շատ կարևոր է միշտ մնալ հոգով երիտասարդ, ինչը ամենամեծ գրավականն է հետաքրքիր և ակտիվ կյանք ունենալու համար:

Երիտասարդ տարիների մեջ կարելի է փնտրել ու գտնել այն, ինչը Ձեր կյանքին նոր երանգներ կհաղորդի, ուստի առաջարկում ենք բոլորիդ ժամանակ չկորցնել և սկսել քայլել առավել նպատակասլաց: Մի կորցրեք երիտասարդ լինելու, երիտասարդ զգալու քաղցրությունը:

Երիտասարդների հոծ բազմությունը օրվա հանդեպ գրեթե ոչ մի հետաքրքրություն չէին տածում, ու այսօր դրա վառ պատկերը երևում էր մեր քաղաքում: Ուսանողները, ինչպես միշտ, գիտեն դասի գալ և կրկին տուն վերադառնալը, ու նրանց անտարբերությունը ստեղծում է անհետաքրքիր և միակերպ մի շրջան, որը անցնում է ժամանակի ընթացքի մեջ ու շատերից խլում երիտասարդությունը… Տխուր իրականություն է ու հետաքրքիր է, թե ինչն է պատճառը նման պատկերի ստեղծման: Ինչևէ: Կային հետաքրքրվողներ և տոնը նշողներ ևս, ու այդ ամենը Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու ուսանողական միության ջանքերի շնորհիվ: Միությունը համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի կապակցությամբ կազմակերպել է երիտասարդական-ուսանողական շաբաթ միջոցառումների շարքը հետևյալ գրաֆիկով.

Եվ այսօր տեղի ունեցավ առաջին միջոցառումը, որին ներկա էին քիչ թվով հանդիսականներ, սակայն այն չխանգարեց վայելել տոնական համերգը:

Միջոցառմանը իր օրհնությունն էր բերել Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, ով իր խոսքում նշեց.

– Այսօր երիտասարդներին ուզում եմ խորհուրդ տալ այն, ինչը Ավետարանն է խորհուրդ տալիս բոլորին, ասում է` զավակներ հնազանդ եղեք ծնողներին, և պատվեք Ձեր հորը ու մորը, որպեսզի լավ լինի Ձեզ համար, և ծնողներին ասում է` հայրեր մի բարկացնեք Ձեր երեխաներին այլ սրանով մեծացրեք, որ Աստծու օրենքները պատվել իմանան, ասում է` ծառաներ հավատարիմ ծառայեք Ձեր տերերին, ինչպես ի Քրիստոս, որովհետև ինչ որ լավ բան անում է մարդ, այդ լավ բանը հատուցում պիտի ստանա, և տերերին ասում է` տերեր իրավունքը և հավասարը տվեք ծառաներին, քանզի դուք էլ Տեր ունեք երկնքում…Ով որ Ավետարանի խոսքը լսում և կատարում է նման է այն իմաստուն մարդուն ով իր տունը շինում է ժայռի վրա, անձրևներ եկան, հողմեր բարձրացան, բայց քանի որ տունը ժայռի, վեմի վրա էր տունը փուլ չեկավ, կանգուն, հաստատուն մնաց:

Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ինչ գեղեցիկ օրինակ բերվեց Ձեզ համար: Ձեր տունը շինեք ժայռի, վեմի վրա և կյանքի ընթացքում շատ անձրևներ կլինեն, փոթորիկներ կլինեն, բայց, երբ որ դուք Ձեր տունը կառուցել էք ժայռի վրա այդ բոլոր փորձությունները պետք է հանդիպեն ժայռին ու այդ փորձությունները իրենք պիտի փշրվեն: Մ

ի կառուցեք Ձեր տունը ավազի վրա և այս թող լինի Ձեզ համար կյանքի առաջնորդ:

Տեր Եզնիկ քահանա Գալստյանը իր խոսքի վերջում օրհնեց երիտասարդներին:

Ելույթով հանդես եկավ նաև Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ատենապետ Կարեն Պետրոսյանը.

-Մեզ մոտ` երիտասարդների շրջանում պասիվություն է նկատվում, և փառք ու պատիվ շատ կազմակերպությունների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում և տքնաջան աշխատում են, որպեսզի երիտասարդական գործունեությունը Գյումրի քաղաքում ակտիվանա: Բայց դժբախտաբար այսպիսի կազմակերպություններին կարելի է մատների վրա հաշվել, ովքեր շահագրգռված, անտրտունջ զբաղվում են երիտասարդական խնդիրներով: Իմ համար շատ ուրախանալի է մի հանգամանք, որ այս կառույցների մեջ նաև իր ուրույն տեղը սկսել է ունենալ Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու ուսանողական միությունը և չնայած որոշակի բացթողումների շնորհակալ ենք և մեր գոհունակությունն ենք հայտնում նրանց, որ կարողացան այս խավարի մեջ այսպիսի միջոցառումների շարք նախաձեռնել, և հույս ունեմ, որ հաջորդ օրերին երիտասարդների մասնակցության ակտիվություն կնկատվի:

Չեմ ուզում որ մեր քաղաքում մեր երիտասարդական ջիղը, գյումրեցու ավյունը, Շիրակցու ամբողջ կարողությունները սահմանափակվեն 50, 100 կամ 150 երիտասարդներով:

Կրկին միանում ու շնորհավորում եմ բոլորիս այսօրվա տոնի կապակցությամբ, -նշեց Կարեն Պետրոսյանը:

Մենք էլ մեր հերթին կրկին շնորհավորում ենք բոլորիս ու մեր շնորհակալությունն ենք հայտնում միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, իրենց կատարած մեծ գործի համար:

Եվս մեկ սեպտեմբերի 1…


 Աննկատ, վայրկյանի պես  թռչում է ժամանակը` փաթաթելով իր հետ տարիների ժապավենը, որն այսօր ցույց է տալիս լուսավոր ու ժպտուն տարեթիվ… 1-ը սեպտեմբերի 2011 թիվ….
Վերջապես իր հունը գտավ ևս մեկ ուսումնական տարի, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք բոլորին…. Այս անգամ էլ այն սկսվեց նոր գույներով , խոստումներով, նոր դեմքերով, լուսավորությամբ…. Համոզված եմ ինձ նման շատերն էլ են այս տարի խոստացել «լավ սովորել» 😀 , թող արդեն ծեծված այս ամենամյա խոստումը վերջապես կյանք առնի ու դառնա հաջողությունների երկար կծիկի սկզբնակետ, նամանավանդ գիտենալով և գիտակցելով մեր` որպես ուսանողներ, կարողություններն ու խելքը… ու միթե չարժե զինվել նպատակասլացությամբ, ոգևորվել ամեն անգամ պատկերացնելով այն լուսավոր ապագան, որն անպայման ներկա կդառնա, եթե միայն սովորենք լավ, տեր կանգնենք մեր գիտելիքներին և իհարկե այդ ամենի հետ մեկտեղ լինենք անսահման լավատես… 🙂
Ընդամենը մեկ տարի առաջ այս օրը իմ ուսանաղական կյանքի առաջին օրն էին շնորհավորում, իսկ այսօր ես` որպես ստաժավոր ուխական ( 😀 ), մեր ուսխորհրդի անունից  շնորհավորում եմ  բոլորին,մասնավորապես հարգելի պատճառներով մեր մեկ ձեռքի մատների վրա հաշված, հանած մեկ ( 😀 ) առաջին կուրսեցիներին, ցանկանում հաջողություն ուսման մեջ, որ չընկճվեն դժվարությունների դեպքում, միշտ պայքարեն ավելի շատ գիտելիքներ ստանալու  համար ու որպես վերջաբան անպայման դառնան լավ ու պիտանի մասնագետներ: Ուսանողական խորհուրդն էլ ինչպես միշտ հոգ կտանի, որ նրանց  ուսանողական կյանքը դառնա առավել գունեղ, պայծառ ու հիշարժան… 🙂
Շնորհավորում ենք ՀՊՏՀ ԳՄ բոլոր ուսանողներին, նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ, շնորհավորում ենք մեր քաղաքի բոլոր ուսանողներին և աշակերտներին, ովքեր մոտ կամ հեռու ապագայում, վերջիվերջո հուսով եմ դառնալու են ուսանողներ, և իհարկե, շնորհավորում ենք մեր հարազատ ուխականներին…
Մեզ բոլորիս անսահման ուժ, նպատակասլացություն և հաջողություններ… 🙂

Հեղինակ`  Քնարիկ Խանոյան

Ծառատունկ Հառիճավանքում


18.05.2011…. ՀՊՏՀ ԳՄ ուխականները, հավատարիմ մնալով «Իսկական ուխականը պետք է ծառ տնկի» չասացվածքին ու կրելով «Ինձ բահ տվեք» նշանաբանը , ճամփա ընկան դեպի Հառիճավանք…  Էս անգամ առիթը ծառատունկն էր, որը կազմակերպել էր Հայ Առաքելական Եկեղեցու Գյումրու Ուսանողական Միությունը կամ նույնն է թե ՀԱԵԳՈՒՄ-ը…. Ու ինչպես  գրեթե միշտ ես անգամ էլ ամեն ինչ արվեց ինչպես հարկն է …. Եվ տղաները, և աղջիկները, բահերով ու տնկիներով զինված, հավասարապես մեծ ոգևորությամբ  փորձում էին  ջանք ու եռանդ չխնայել , որ աշխատանքը  հնարավորինս լավ կատարվի, համենայնդեպս փորձում էին.:ճ  Գործը կլանել էր բոլորի մտքերը ու ուղղել մի նպատակի…..

Մի քանի ժամից  աշխատանքն արդեն ավարտված էր … Գործը վերջացնելուց հետո կատարածից  մեծ բավականություն  ստացած, հաճելի ժամանակ անցկացրած  և միաժամանակ  հոգնած  ու ջարդված ամբոխը շարժվեց դեպի եկեղեցի` ժամերգության … Եկեղեցուց դուրս գալուց անմիջապես հետո բոլորը մի տեսակ խաղաղված ու հանգստացած  էին և իհարկե մեր ՈՒԽից անբաժան բարձր տրամադրությունով….. Ու հենց ես տրամադրությամբ էլ վերադարձանք հարազատ քաղաք…. Ինչևէ մեր ուխական կյանքի  օրագրում ևս մեկ էջ  համեմվեց հաճելի ու հիշարժան պահերով ……

Это слайд-шоу требует JavaScript.

Սուրբ Զատիկ և Մեծ Եղեռն… մեկ օրում…


Մեկ օր… օրը, որը հիշարժան է ողջ Քրիստոնյա աշխարհի համար… օր, երբ ցնծում է մարդկային հոգին, երբ ավետվում է աշխահի փրկության լուրը… ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ… ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ… ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ: Թերևս սխալ չեմ լինի, եթե ասեմ, որ այս տոնն ամենակարևոր տոներից մեկն է աշխարհում… քառասնօրյա պահոց շրջանից հետո ևս մեկ շաբաթ գտնվելով պահքի մեջ` այս տարի ապրլի 23-ի երեկոյան, Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտով ավետվեց Քրիստոսի հարության մեծ լուրը, իսկ ապրիլի 24-ին աշխարհի բոլոր Քրիստոնյաները նշեցին Սուրբ Զատիկը… միթե հատկանշական չէ, որ այս տարի մեկ տոնի շուրջ համախմբվեցինք բոլորս, ողջ աշխարհի Քրիստոնյաները… պատահականույուններ չեն լինում… և միթե պատահական է նաև այն, որ մեզ` հայերիս համար այդքան կարևոր ու հատկանշական 2 իրադարձություններ ևս համընկան այս տարի… ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ և… Մեծ Եղեռն… 96 տարին լրացավ այս սարսափելի ոճրագործության… 96 տարի է ամբողջ աշխարհի հայությունը սգում է մեծագույն կորուստը, որ ունեցել է իր պատմության ընթացքում… 96 տարի է, ինչ չենք հանգստանում, չենք հանդարտվում, չենք համակերպվում… երկար ու ձիգ 96 տարի… կամ… կամ մեկ ակնթարթ թվացող 96 տարի… բայց միթե ժամանակն այնուամենայնիվ կկարողանա ջնջել այն ցավն ու ցասումը, որ զգում է յուրաքանչյուր `իրեն հայ համարող անձ… արդյոք հնարավոր է վերցնել ու ջնջել ամեն բան, ասես ոչինչ էլ չի եղել… ՈՉ, միայն ոչ հայը…
Այսօրվա իրականությունն ավելի դաժան է, քան մեր պատկերացումները… թերևս կորցրել ենք հաշիվն այն տարիների, թե ինչքան են մեզ խաբել, որ «ահա, այս տարի այս մեկը կարտասանի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը», կամ  «դե լավ, այս տարի չեղավ, մյուս տարի անպայման կլինի…», իսկ վերջերս առհասարակ, մեղմ ասած, «մոդա ընկավ» 20-րդ դարասկզբի այդ, իրավամբ, անմարդկային ոճրագործությունն արտասանել անգլերենով, բայց հայերեն… անհավանական է… ապսուրդի հասնող «աղվեսային» մտածելակերպ, որն ուղղակի չի տեղավորվում ուղեղում… իսկ մենք սպասում ենք… սպասում անդադար… ամեն տարի, նույն օրը, նույն դեմքերից սպասում ենք գնահատականն այն ամենի, ինչի կարևորությունն այլ ազգերի ու ժողովուրդների համար անհասկանալի էլ կմնա… ՈՉ, պատահականություններ չեն լինում…
Ուստի թող այս տարի մեծագույն տոնի ու նույնչափ մեծագույն սգի միախառնումը տա իր արդյունքը, և թող հարություն առնեն այն մարդկանց հոգիները, որոնք նահատակվեցին ողջ «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առջև… իսկ ես կուզենամ ավելացնել մի բան. եթե յուրաքանչյուրս մեր մեջ, հոգու խորքում ցանկանանք ինչ-որ բան փոխոլ, եթե գիտակցենք անձի կարևորությունն այս մեծ խնդիրը լուծելու ճանապարհին, ապա կգա ժամանակը, երբ կանգնելով Անիի ավերակների այս կողմում մենք չենք ամոքի մեր «անհասանելիության» ու կարոտի վերքերը սոսկ «Տեր Ողորմյա» երգելով, այլ կանցնենք այդ աներևակայական սահմանը, ոտք կդնենք մեր պատմական հայրենիք ու միգուցե այդ պահին զգանք` ինչ է իրենից ներկայացնում իսկական երջանկությունը… հոգու երջանկությունը… համոզված եմ, դա էլ են ցանկանում նրանք, ովքեր չկան…
Այո… պատահականություններ էս աշխարհում չեն լինում…