ՀՊՏՀ ԳՄ

1997թ.-ին ԵՊՏԻ/այժմ ՀՊՏՀ/-ն իր մասնաճյուղը հիմնեց Գյումրիում: Դեռևս օբյեկտիվ կասկածամտությամբ, բայց թերևս ՙտնտեսագիտություն՚ մասնագիտության նկատմամբ սիրով ու ապագա ուղու հանդեպ մեծ հույսերով համակված առաջին դիմորդները սեպտեմբերին արդեն ԲՈՒՀ-ի առաջին ուսանողներն էին, ովքեր ուսուցանելու էին ֆինանսահաշվային ֆակուլտետի 2 բաժիններում` ՙՖինանսներ և վարկ՚ և ՙՀաշվապահական հաշվառում և աուդիտ՚: Նրանք այդժամ նույնիսկ պատկերացում չունեին այն մասին, որ գալու էր ժամանակ, երբ հպարտանալու էին այն փաստով, որ հենց այդ ԲՈՒՀ-ի առաջին շրջանավարտներն են լինելու: ԲՈՒՀ-ն իր տնօրինության ուղեկցությամբ կատարում էր առաջին քայլերը. քայլեր, որոնք հիմքն էին ապագայի և կանխորոշում էին ԲՈՒՀ-ի հետագա կյանքն ու գործունեությունը:  Դեռևս նորաթուխ ԲՈՒՀ-ի տնօրինությունը գիտակցում էր այն հանգամանքը, թե ինչքան բարդ ու պատասխանատու աշխատանք է ուսումնական հաստատությունը համալրել  կադրերով, ովքեր անշահախնդիր կերպով փոխանցելու էին իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները ուսանողներին, ովքեր իրենց հերթին այդ ամենը հետագայում ներդնելու էին այս կամ այն ոլորտում` ի շահ մեր հայրենիքի ու մեր երկրի տնտեսության բարգավաճման: Անձնակազմի ընտրությանը զուգահեռ նրանց մեջ  սերմանվում էր այն գաղափարը, որ պետք է լինել անաչառ, օբյեկտիվ, անկողմնակալ, աշխատասեր և բանիմաց:  Այս ամենը հետզհետե դառնում էր ԲՈՒՀ-ի ցանկացած օղակի գործունեության ամենանվիրական սկզբունքը: Եվ ԲՈՒՀ-ում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը, միջանձնային հարաբերությունների բարձր մակարդակն էլ հենց հանդիսացավ տվյալ և հետագա տարիների  ուսանողների` ԲՈՒՀ-ի և նրա անձնակազմի հանդեպ փոխադարձ սիրո ու հարգանքի լավագույն առհավատչյան:  Ահա և առաջին շրջանավարտները, երկրորդը, երրորդը,…:
Բայց մենք չենք կարող բավարարվել զուտ քանակական ցուցանիշներով, քանի որ ԲՈՒՀ-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, կողմնակից է ինտենսիվ աճին ու որակի ապահովմանը: Իսկ այդ մասին կվկայեն ուսանողների ու շրջանավարտների բոլոր այն հաջողություններն ու ձեռքբերումները, որ ԲՈՒՀ-ն ունի իր կենսագրության մեջ.
  • շրջանավարտների մեջ արդեն կան 9 գիտությունների թեկնածու ,
  • շուրջ 70%-ը աշխատում են իրենց մասնագիտությամբ,
  • աշխատում են պետական կառավարման մարմիններում,
  • ուսանել են աշխարհի տարբեր երկրների բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում:
Իսկ այս ամենը միայն ԲՈՒՀ-ուսանող երկկողմանի նվիրված աշխատանքի արգասիքներն են:
Այժմ ԲՈՒՀ-ն արդեն 20-ամյա պատմություն ունի: Այս 20 տարիների հեռվից նայելով` վստահաբար կարող ենք ասել, որ ԲՈՒՀ-ը մարզում ամենամեծ պահանջարկն ունեցող ու որակյալ կրթական ծառայություն մատուցող ուսումնական հաստատություն է, որն արդեն ընդլայնել է իր մասնագիտական բաժիններն ու հնարավորություն է տալիս առավել շատ թվով մասնագիտացումների հավակնող ուսանողների ձեռք բերել համապատասխան գիտելիքներ հենց այս ԲՈՒՀ-ում:
Այս տարիների ընթացքում ԲՈՒՀ-ը, բնականաբար, բազում դժվարություններ է տեսել, բայց տնօրինության` ի դեմս տնօրեն Ս. Դավոյանի և ուսանողների համառ ջանքերի շնորհիվ չի ընկճվել, ոչ մի խոչընդոտ չի ստիպել նրան հրաժարվել իր սկզբունքներից: Նա փորձել է գտնել ելքեր` բարելավելու իր պայմաններն ու ուսանողների համար ապահովելու առավել բարենպաստ պայմաններ ուսումնառության անխափան  գործընթացն ապահովելու համար:

Իրինա Հարությունյան

ՀՊՏՀ ԳՄ: Один комментарий

Оставьте комментарий